2018-ի տեխնոլոգիական 5 միտումները թվային և սոցիալական մեդիայում

2018-ի սկզբին արդեն իրականանում են զանգվածային հաղորդակցության ոլորտի վերաբերյալ տարվա կանխատեսումները: Այնպիսի հետաքրքիր միտումներ, ինչպիսիք են ձայնագրությունների (փոդքասթի) էլ ավելի կարևորվելը և Google-ի տեսողական որոնման միջոցով առցանց գնումների նոր մակարդակ ապահովելը, այլևս իրականություն են։

Տեսնենք, թե 2018-ի համար ինչ այլ կանխատեսումներ է արել Ռոյթերս ինստիտուտն իր «Լրագրության, մեդիայի և տեխնոլոգիաների միտումներն ու կանխատեսումները 2018թ.» ուսումնասիրությունում: Այն բավական ծավալուն է, և ձեր ժամանակը խնայելու համար՝ առանձնացրել ենք այն գլխավոր միտումները, որոնք վերաբերում են սոցիալական մեդիային ու թվային մարքեթինգին: Ուսումնասիրությունը ղեկավարել է Լրագրության ուսումնասիրությամբ զբաղվող՝ Ռոյթերս ինստիտուտի գիտաշխատող Նիկ Նյումենը:

Աուդիո բովանդակությունը կաճի 2018-ին

Բայց, առաջին հերթին, եկեք ամփոփենք, թե ինչ է տեղի ունեցել զանգվածային հաղորդակցության ոլորտում 2017-ին, մասնավորապես, կենտրոնանալով հետևյալ կարևոր իրադարձությունների վրա:

1. Ֆեյսբուքի նոր ալգորիթմը, որն ուղղված է օգտատերեր ներգրավելուն, քննադատությունների ալիք բարձրացրեց: Սոցցանցը սկսեց քննադատվել՝ ապատեղեկատվությունը, քարոզչությունը և բովանդակության բևեռացումը խթանելու համար:

2. 2017-ին շատերի համար ակնհայտ դարձավ` երբ խոսքը տեղեկատվական խոշոր հարթակների կողմից արժեքներ սահմանելուն է հասնում, ապա Սիլիկոնյան հովտի բիզնեսների շահերը միշտ չէ, որ համընկնում են աշխարհի բնակչության շահերի հետ:

Քարոզչությունը, ապատեղեկատվությունն ու քաղաքական գովազդը՝ սոցիալական մեդիայի հարթակներում

3․ 2017-ը ցույց տվեց նաև, որ պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և մյուսները, վերջապես սկսել են քայլեր ձեռնարկել այն հնարավոր վնասակար հետևանքների դեմ, որ սոցիալական մեդիան կարող է ունենալ որոշումների կայացման հիմնական ասպեկտների վրա:

4․ Այսպես կոչված, «հորիզոնական դիրքով պատմությունները» (horizontal storytelling) վերջապես աճ են գրանցում (դա նշանակում է, որ հրատարակիչների շրջանում հորիզոնական դիրքով տեսանյութերն ավելի մեծ պահանջարկ են ստանում):

Հորիզոնական դիրքով պատմությունները շատանում են, քանի որ հարթակները սկսում են ազդել բջջային բրաուզերներից օգտվողների տոկոսի վրա

 

Հաշվի առնելով առկա հիմքերն ու զարգացման միտումները՝ 2018-ի համար մենք կկենտրոնանանք ուսումնասիրության 5 կանխատեսումների վրա, որոնց, կարծում ենք, առաջիկա 10-12 ամսում պետք է ուշադրություն դարձնի մեդիայի, լրագրության կամ տեխնոլոգիաների ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցիչ:

  1. Ջանքեր են գործադրվելու հեղինակավոր հարթակներից կախվածությունը նվազեցելու ուղղությամբ

Ուսումնասիրությանը մասնակցած խմբագիրների, գլխավոր տնօրենների և թվային ոլորտի առաջնորդների մոտ կեսը (44%) իր մտահոգությունն է հայտնել՝ հարթակների աճող հզորության հետ կապված, նրանց 55%-ը, որ ներկայացնում են թերթերի խմբեր, նշում է, որ իր եկամուտները մեծապես կախված են խոշոր հարթակներից եկող թվային գովազդներից։ Սա տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Facebook-ը փորձում է այցելուներին ավելի երկար պահել իր հարթակում, որպեսզի վաճառի այդ ուշադրությունը գովազդատուներին՝ իրական բովանդակություն ստեղծողներին հղում կատարելու փոխարեն։

Հրատարակիչների վերաբերմունքը խոշոր հարթակների նկատմամբ

 

Սա կարող է հանգեցնել մի քանի հնարավոր սցենարների՝

  • Facebook-ը կնվազեցնի լուրերի տեսանելիությունը նորությունների ժապավենում՝ առաջարկելով այլընտրանքային «Ուսումնասիրել» բաժին հրատարակչական բովանդակության համար:
  • Ավելի շատ հրատարակիչներ կորոշեն հրաժարվել հարթակներից, եթե իրավիճակը շարունակվի նույն ուղղությամբ:
  • Տեխնոլոգիական ընկերություններն աշխատանքի կընդունեն ինտերնետ մոդերատորների մի մեծ բանակի (ինչը Youtube-ն արդեն անում է)՝ հրատարակիչների բովանդակությունը զտելու համար:
  • Հարթակները կմեղադրվեն ազատ խոսքը ճնշելու մեջ, քանի որ բարդ կլինի որոշել՝ ով իրավասու կլինի բովանդակության հաստատման կամ հեռացման մասին որոշումներ կայացնելու համար:
  • Եվ վերջապես, այն կարող է հանգեցնել խնդրի մասին ավելի շատ խոսելուն, քան խնդրի լուծմանն ուղղված իրական քայլեր անելուն:

2.  Վստահության կառուցումը «Կեղծ լուրերի»  դարաշրջանում

«Կեղծ լուրերի» խնդիրն առաջնահերթություն կմնա նաև 2018-ին, ինչպես 2017-ին էր

 

Տեղեկատվության տարածման դյուրացմանը զուգահեռ՝ համացանցն օգտատերերին ներկայացնում է փաստերի, հակափաստարկների և այլընտրանքային փաստերի լայն շրջանակ, որի հետևանքով օգտատերերը հաճախ դժվար են կարողանում տարբերակել, թե որ տեղեկատվությունն է առավել հավաստի: Այսօր հարթակների առաջնային մարտահրավերներից է այն, որ դրանք վերածվել են ապատեղեկատվության, քարոզչության և բռնության տարածման հեշտ ճանապարհի: Այս պարագայում հարթակները պետք է փորձեն արդյունավետ կերպով խուսանավել խոսքի ազատության և «ճշտված» տեղեկատվության աղբյուր լինելու միջև, ինչը, ըստ էության, վտանգավոր երևույթ չէ:

Հետազոտությունը վկայակոչում է մի հրաշալի օրինակ՝ Վաշինգտոնի համալսարանի իրականացրած փորձարկումը, որում Բարաք Օբամայի մի խոսքը սինթեզվում և անիմացիայի միջոցով ներկայացվում է այլ կադրերով՝ համապատասխանեցվելով խոսքին: Այն իրականացվում է անհավանական ճշգրտությամբ: Եվ սա ցուցադրում է, թե որքան լայն են կեղծ, սակայն լրիվ ճշմարտանման տեղեկատվություն ստեղծելու հնարավորությունները:

Սինթեզավորելով Օբամային. Սովորելով շուրթերի սինխրոնացումը ձայնագրությունից՝ Վաշինգտոնի համալսարանի կողմից

Այս խնդիրը կարող է զարգանալ մի քանի հնարավոր սցենարով՝

1. Հարթակները կօգտագործեն բոլոր հնարավոր տեխնոլոգիաները նման բովանդակությունը արգելելու համար, սակայն ի վիճակի չեն լինի դիմագրավելու «հաքերներին»:

2. Փաստերը ստուգող այլընտրանքային տեխնոլոգիաներ կներդրվեն (որոնցից մեկի համար արդեն արհեստական ինտելեկտ է օգտագործվում), որը հավելյալ ֆինանսավորում կպահանջի,:

3. Հրապարակված բովանդակությունը կլինի ավելի լավ հասցեագրված՝ դարձնելով բովանդակության ԱՂԲՅՈՒՐԸ առավել տեսանելի, ներառելով նաև թեգեր և

նկարագրություններ, ինչպես նաև խելացի ալգորիթմներ:

4. Ջանքեր կգործադրվեն մեդիա գրագիտության բարձրացման ուղղությամբ՝ կրթական ծրագրերի, նախաձեռնությունների և արշավների ներդրման միջոցով, որն ուղղված կլինի ոչ միայն ընդհանուր հանրությանը, այլ նաև հրատարակիչներին:

3.  Գլխավոր միտումները սոցիալական մեդիայում 

Սոցիալական մեդիա:  2017-ի փաստերն ու 2018-ի միտումները

ա. Facebook-ի օգտատերերի թիվն ամենամեծն է, սակայն այն դադարում է աճել:

բ. Facebook-ն առավել կկենտրոնանա օգտատերերի հավատարմության, քան նոր օգտատերեր ներգրավելու ուղղությամբ:

գ. Facebook-ի օգտատերերի ակտիվությունը գնալով նվազում է՝ կյանքի տարբեր ոլորտներից  «ընկերների» առկայության պատճառով: Անձնական բովանդակության տարածումը տեղի է ունենում փոքր և առավել փակ խմբերում:

դ. WhatsApp-ը and Facebook Messenger-ը գնալով ավելի մեծ թափ են հավաքում:

ե. Instagram-ը 2016-2018-ին ամենաարագ աճող ցանցերից մեկն է:

զ. Facebook-ը գերիշխող է սոցիալական մեդիայում, քանի որ հանդիսանում է վերոնշյալ ցանցերի (Snapchat-ից բացի) սեփականատերը:

է. Twitter-ը շարունակում է պայքարել աճի համար:

ը. Facebook-ը 2018-ին կներկայացնի Messenger՝ երեխաների համար:

թ. Մոբայլ պատմությունների ձևաչափը լայն տարածում է գտնում Instagram-ում՝ դառնալով ավելի շատ օգտագործվող, քան Facebook-ի և Snapchat-ի համանման պատմությունները:

4. Սոցիալական հարթակները մարտահրավեր են նետում հեռուստատեսությանը մեծ շուկաներում

Facebook-ը  Amazon-ի և Google-ի հետ կարող է ստանալ 2019-2022-ին Պրեմիեր Լիգայի հեռարձակման իրավունքը

ա. Facebook-ը, կարծես, լրջորեն պատրաստվում է ջանքեր գործադրել լսարանի առյուծի բաժինը ստանալու համար՝ խոստանալով միլիարդավոր դոլարներ ծախսել իր հեռուստատեսային հավակնություններն առաջ տանելու համար: Սա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի գլխավորապես տեսանյութերի վրա կենտրոնանալուն և անգամ սեփական շոու ծրագրերի համար հաղորդումների իրավունքների ձեռքբերմանը:

բ. Ակնկալվում է, որ Facebook-ը Amazon-ի և Google-ի հետ մեկտեղ կլինի 2019-2022-ին Պրեմիեր Լիգայի հեռարձակման իրավունք ստացողների հիմնական հավակնորդներից մեկը:

գ.  Հեռուստատեսության, ժամանցի ու սպորտի նկատմամբ այս մեծ ուշադրությունը կարող է խաղից դուրս թողնել ներկայում գործող առցանց հրատարակիչներին:

5. Ավելի քիչ գովազդ, ավելի շատ ընթերցողների բաժանորդավճարներ

Հարցված հրատակիչների 44%-ը կարծում է, որ թվային բաժանորդագրությունը կդառնա եկամտի հիմնական աղբյուր

Թվային ոլորտի ներկայացուցիչների մեծամասնությունը (62%) հավատում է, որ գովազդը կզիջի իր գերակայությունը վճարովի բովանդակությանը: Սա հնարավոր է թվում, եթե հաշվի առնենք այն, որ գովազդի գները նվազում են պահանջարկի բացակայության և մեծ առաջարկի, գովազդային կեղծարարությունների և գովազդի արգելափակման համատարած կիրառման հետևանքով:

Ներկայում մեծ տեխնոլոգիական հարթակները ստանում են թվային գովազդների եկամտի ամենամեծ մասնաբաժինը, քանի որ հնարավորություն ունեն արդյունավետ կերպով թիրախավորել լսարանը: Բայց շատերը համոզված են՝ ապագան բաժանորդավճարներն են, և հարցված հրատարակիչների 44%-ը կարծում է, որ թվային բաժանորդագրությունը շուտով կդառնա եկամտի հիմնական աղբյուր: Այս հնարավոր զարգացումներին համընթաց քայլելու համար հրատարակիչները ստիպված կլինեն ոչ միայն փոխել իրենց բիզնես մոդելները, այլև լրջորեն աշխատել ստեղծած բովադակության և թիրախավորվող լսարանի վրա:

Բաժանորդների կամ ընթերցողների վճարումների վրա հիմնված մոտեցումները կարող են հանգեցնել «թվային անջրպետի նոր ձևի»՝ անդունդի՝ այն մարդկանց և տարածաշրջանների միջև, որոնց հասանելի են ժամանակակից թվային սարքերի կիրառումը (այս դեպքում տեղեկատվությունը) և որոնց դրանք մասնակիորեն են հասանելի կամ ընդհանրապես հասանելի չեն:

Սա, իհարկե, կարող է հանգեցնել երկու տեսակի տեղեկատվական համակարգերի ձևավորմանը, որը մարտահրավեր կնետի տեղեկատվության՝ բոլորին հասանելի լինելու գաղափարին, ինչպես նաև ժողովրդավարությանն ու առաջընթացին: Քանի որ նրանք, ովքեր կարող են վճարել, կստանան առավել վստահելի և արժեքավոր տեղեկատվություն, և նրանք, որոնք չեն կարող վճարել, այս դեպքում կստանան առավել ցածր որակի բովանդակություն և մեծ քանակով ապատեղեկատվություն: Այս խնդրի մասին շատ անգամ կբարձրաձայնվի 2018-ին:

Ի՞նչ է սա նշանակում ավելի գլոբալ առումով

Պետք է հիշատակել այս թեմային առնչվող մեկ կարևոր հանգամանք ևս՝ ինչպես են տարբեր բրաուզերներ առավել մեծ ուշադրություն դարձնում գովազդների արգելափակմանը՝ իրենց օգտատերերի փորձառությունը լավացնելու նպատակով։ Apple-ը լուծում է այս խնդիրն առավել արդյունավետ եղանակով՝ առաջարկելով օգտագործողներին ակտիվացնել «կարդացողի կարծիք» գործիքը, որը հեռացնում է ամբողջ գովազդային, բրենդինգային և բովանդակության հետ կապված հղումները:

Facebook-ը և Google-ն արդեն գրավել են թվային գովազդի շուկայի 84%-ը

Գլոբալ առումով սա նշանակում է, որ հրատարակիչներին մնում է փոքր մասնաբաժին, որը գնալով ավելի կնվազի, քանի որ Facebook-ը և Google-ն արդեն գրավել են թվային գովազդի շուկայի 84%-ը: Սա, իր հերթին, կհանգեցնի հրատարակիչների համախմբմանը և համագործակցության ընդլայնմանը՝ հսկաներին դիմադրելու և նրանց հետ մրցակցելու նպատակով:

Ինչպես երևում է՝ առջևում, ընդհանուր առմամբ, բարդ, սակայն հետաքրքիր և հագեցած տարի է սպասվում: Շարունակեք տեղեկացված լինել հետագա զարգացումներին՝ հետևելով մեր Facebook-ի էջին կամ այցելելով Amatuni Copywriting Blog  Իսկ եթե ցանկանում եք առավել մանրամասն տեղեկանալ սպասվող թրենդներին և զարգացումներին, կարդացե՛ք ամբողջական զեկույցն այստեղ: